ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը արդեն հեռացել է Հայաստանից։ Այս մասին գրում է hraparak.am-ը։
Ըստ կայքի տեղեկությունների, նա մինչև Ազգային ժողով հրաժարականի դիմում ներկայացնելը հրաժեշտ է տվել ՄԻՊ աշխատակազմին ու հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել ու ընդունել է այն։
Կայքը գրում է նաև, որ ՀՀ ՄԻՊ պաշտոնի նոր թեկնածուն աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն է։
«Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե շատ լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է և արժանի է այս բարձր պաշտոնին։ Սակայն իրականում եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը, ինչպես նաև անհայտ բնույթի հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-ից մինչև 2020 թվականը»,– գրել է պարբերականը։
Նշենք, որ Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է փոխնախարար 2020 թ․–ի մայիսի 15-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով, իսկ այսօր կրկնել է այն. պաշտպանի լիազորությունները դադարում են հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 1 շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում։