ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին, «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից։
Հայտնել էինք, որ հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) հիմնել անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից տեղեկացրել են` առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
«Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, և դրանում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ փորձագետներ և ԵՄ դիտորդներ: Առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքի մի քանի վայրում՝ Ադրբեջանին մոտ գտնվող սահմանամերձ շրջաններում։ Դրա գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից:
Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։ Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: