ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Արցախում վաղվանից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշենք, որ հունվարի 20-ից Արցախում անցել էին հովհարային անջատման վեցժամյա գրաֆիկին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։