Անշարժ գույքի գներն աճում են. ագրեսիայի ենթարկված Ջերմուկում տները թանկացել են 13.5%-ով

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ ամենաթանկ բնակարանները Երևանի Կենտրոնում են, ամենաէժանը` Լոռու մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. 2022թ–ին Երևանում բնակարանների գներն աճել են 11.1 %– ով, մարզերում` 16.2%–ով։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ ամենաթանկ բնակարանները Երևանի Կենտրոնում են։ Այստեղ բնակարանի 1 քմ–ի արժեքը 1 տարվա ընթացքում (2022թ–ի դեկտեմբերին 2021–ի դեկտեմբերի համեմատ) ավելացել է միջինը 14.6 %–ով կամ 100 000 դրամով` 680 000 դրամից հասնելով 780 600 դրամի։
Ընդ որում, Փոքր Կենտրոնում 1 քմ–ի գինը բարձրացել է շուրջ 148 000–ով` 840 200 դրամից հասնելով 988 100–ի։
Մեծ Կենտրոնում գներն աճել են 8.9 %–ով` 431 500 դրամից հասնելով 470 100 դրամի։
Արաբկիր համայնքում ամենաթանկ բնակարանների 1 քմ–ը 2022-ի դեկտեմբերին եղել է 525 000 դրամ, ամենաէժանը` 450 000։
Քանքեռ–Զեյթունում բնակարանները թանկացել են միջինը 10.1 տոկոսով կամ 36 100 դրամով` 392 200 դրամից հասնելով 356 100 դրամի։
Նոր Նորքում գնաճը կազմել է 7.1 տոկոս։ Այստեղ ամենաթանկ բնակարանի 1 քմ–ն արժե 373 000 դրամ, ամենաէժանը` 288 500։
Էրեբունի վարչական շրջանում բնակարանները թանկացել են 4-16 տոկոսով` կախված տեղանքից ու տարիքից։ Առավելագույն գինն այս համայնքում դեկտեմբերին կազմել է 387 500 դրամ, նվազագույնը` 274 000։
Շենգավիթում գներն ավելի դանդաղ են աճել (միջինը` 8.5%) և գրեթե համադրելի են Էրեբունու գների հետ։
Դավիթաշեն համայնքը շարունակում է պահպանել «թանկ» թաղամասի իր համբավը։ Այստեղ 1 տարվա գնաճը կազմել է միջինը 15.1 %։ Դեկտեմբերին 1 քմ–ի արժեքը հատել է 404 000–ի սահմանը, ինչը շուրջ 50 000 դրամով ավելի է նախորդ տարվա դեկտեմբերյան գնից։
Աջափնյակում միջին գինը 362 000 դրամ է, Մալաթիա–Սեբաստիայում` 346 000, Ավանում` 344 000։ Այս թաղամասերում ևս 1 քմ–ի արժեքը 1 տարում բարձրացել է շուրջ 10 տոկոսով։
Երևանի ամենաէժան թաղամասը շարունակում է մնալ Նուբարաշենը։ Գներն այստեղ 1 տարում ավելացել են 15 000 դրամով։ Ամենաէժան բնակարանի 1 քմ–ը 2022թ–ին եղել է 201 000 դրամ` 2021-ի դեկտեմբերի 184 000-ի փոխարեն, իսկ ամենաթանկը` 217 000` 202 000–ի փոխարեն։
Մարզերում բնակարանների գները խիստ անհամաչափ են աճել։ Ամենացածր աճը գրանցվել է Թալինում` 2.6%, ամենաբարձրը` Մեծամոր քաղաքում` 27.7%:
Բնակարանների գների աճն` ըստ մարզային քաղաքների
Մարզային քաղաքներից ամենաթանկը ավանդաբար մնում է Ծաղկաձորը։ Այստեղ բնակարանի 1 քմ–ը 2022թ–ի դեկտեմբերին վաճառվել է միջինը 394 000 դրամով` 2021թ–ի դեկտեմբերի 327 500 դրամի փոխարեն։
Երկրորդ տեղում Աբովյան քաղաքն է, որտեղ 1 քմ–ը դեկտեմբերին եղել է 250 500 դրամ։
Երրորդը Վաղարշապատն է։ Այստեղ դեկտեմբերին բնակարան կարելի էր գնել միջինը 227 600 դրամով։
Երևանամերձ Աշտարակում բնակարանների գները բարձրացել են 12.7 տոկոսով` հասնելով 175 200 դրամի, ինչը նախորդ տարվա դեկտեմբերյան գներից շուրջ 30 000 դրամով թանկ է։
Մարզային քաղաքներից ամենաէժան բնակարանները Լոռու մարզի Թումանյան համայնքում են։ Այստեղ 2022–ի վերջին բնակարանների 1 քմ–ը վաճառվել է 25 000 դրամով, իսկ 2021-ին` 21 000։
Սահմանամերձ Սյունիքում բնակարանների միջին գներն ավելացել են միջինը 14 %–ով։ Ամենից արագ աճել են Կապանի ու Սիսիանի բնակարանների գները` մինչև 19.3 տոկոս կամ շուրջ 20 000 դրամով։
Հետաքրքրական է, որ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Ջերմուկում ևս բնակարանները 2021թ–ի համեմատ թանկացել են 13.5%-ով` 1 քմ–ի դիմաց 103 000 դրամից հասնելով 117 000 դրամի։
Սահմանամերձ Տավուշում ևս գները 10-20 % աճ են ունեցել։ Ամենաթանկ բնակարանները Դիլիջանում են (1 քմ–ը` 166 000 դրամ), ամենաէժանը` Այրումում (1 քմ–ը` 61 000 դրամ)։
Սահմանամերձ Գեղարքունիքի մարզում 7-25 %-անոց գնաճ է գրանցվել։ 25 տոկոսով աճել են մարզկենտրոն Գավառի բնակարանների գները` 1 քմ–ի դիմաց 60 100 դրամից հասնելով 75 200 դրամի։ Սևանում ու Մարտունիում աճն ավելի դանդաղ է եղել, բայց 1 քմ–ի արժեքը հասել է համապատասխանաբար 115 և 113 հազար դրամի։ Ճամբարակում գներն աճել են 5 000 դրամով։ Այստեղ բնակարան կարելի է գնել 1 քմ–ը 42 000 դրամով։
Նշենք, որ Կադաստրի կոմիտեի տվյալներով, բնակարանների առքուվաճառքի գործարքների 67.1%–ը կատարվել է Երևանում։ Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է` 10%։ Վերջին տեղում Վայոց Ձորի մարզն է` 0.4%։
2022թ–ին Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է անշարժ գույքի 52 928 գործարք։