ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Եվրամիության անդամ չորս երկրներ՝ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան, դիմել են Եվրահանձնաժողովին՝ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման նպատակով ենթակառուցվածքների զարգացման համար միջոցներ հատկացնելու խնդրանքով: Այս մասին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բուլղարացիների, ռումինացիների և սլովակների հետ միասին դիմել ենք Եվրահանձնաժողովին, որպեսզի այն առաջնահերթ կարգով զբաղվի այդ հարցով և ֆինանսական աջակցություն ցուցաբերի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի տարածքով անցնող երթուղով ադրբեջանական գազի ավելացված քանակությունը Հարավային և Կենտրոնական Եվրոպայի էներգաանվտանգության մեջ ներառելու համար»,- ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ խոսքը ենթակառուցվածքների զարգացման, նոր փոխկապակցիչների կառուցման և արդեն գոյություն ունեցողների հզորությունների ավելացման մասին է։
Հիշեցնենք, որ հուլիսին Բրյուսելն ու Բաքուն համաձայնագիր էին ստորագրել գազի մատակարարումների դիվերսիֆիկացման ԵՄ քաղաքականության շրջանակներում մինչև 2027 թվականը մատակարարումների կրկնապատկման մասին (մինչև 20 մլրդ խմ)՝ հանուն ռուսական գազից հրաժարվելու:
Բաքվում, սակայն, պնդում են, որ Կասպից ծովից Ադրիատիկ ծով ձգվող 3500 կմ երկարությամբ Հարավային գազային միջանցքի ընդլայնումը միլիարդավոր դոլարների ներդրումներ է պահանջում, ինչպես նաև եվրոպական ընկերությունների հետ 2027 թվականից հետո գազի գնման պայմանագրերի կնքում:
Ներդրումների հետ կապված իրավիճակը բարդացնում է ինչպես խողովակաշարերի կառուցվածքը, այնպես էլ սեփականության իրավունքը։ Բանն այն է, որ Հարավային գազային միջանցքըբաղկացած է երեք առանձին խողովակաշարերից․ Հարավկովկասյան խողովակաշար (SCP)՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, Տրանսանատոլիական խողովակաշար (TANAP)՝ Թուրքիայի տարածքով, և Տրանսադրիատիկ խողովակաշար (TAP)՝ Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի տարածքով։
Բրիտանական BP-ն և Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը բոլոր երեք խողովակաշարերի մասերի սեփականատեր են, իսկ թուրքական պետական ընկերությունները մասնաբաժիններ ունեն SCP-ում և TANAP-ում: