ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ոստիկաններին հաջողվել է բացել Աշտարակի խճուղին, որը ժամեր շարունակ փակ էր։ Նշենք, որ այն փակել էին պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիները։ Նրանք պահանջում էին միացնել շենքի հոսանքը:
Նրանց խոսքով` իրենց բնակարաններում լույս չկա արդեն 3 օր։ Տեղեկացրել են, որ շենքն այժմ ՊԵԿ-ին են հանձնել, ու նրանք պետք է ազատեն տարածքը։
Նշենք, այս շենքում ապրում են նաև Արցախից տեղահանվածներ։ Բնակիչները պնդում են, որ նրանք կարգի են բերել լքված շենքը, կոտրված ապակիների փոխարեն պոլիէթիլային թաղանթ են կպցրել, վառարան են դրել և ապրում են այդտեղ արդեն մի քանի տարի։
Այս տարվա ապրիլի 15-ին կառավարությունը որոշում էր կայացրել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը տրամադրել ՊԵԿ-ին։
Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել էր պատկան մարմիններին ու բողոքել, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել ու ապրում են այդ շենքում: