«Վերադառնում եմ Երևան». Տոյվո Կլաար

Կլաարը նշել է, որ ԵՄ–ի նպատակը շարունակում է մնալ հայ–ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հերթական անգամ կժամանի Երևան։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
«Վերադառնում եմ Երևան, հանդիպումներ եմ ունենալու։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին, որպեսզի համատեղ ուսումնասիրենք առաջ շարժվելու ուղիները: ԵՄ-ի նպատակը մնում է հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումը»,– նշել է Կլաարը։
Հավելենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում էր նաև 2022–ի դեկտեմբերի 8-ին։ Մինչ Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։