Թուրքիայում ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին. Էրդողան

Ավելի վաղ Էրդողանն արդեն ակնարկել էր ընտրությունների օրը հետաձգելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Թուրքիայում ընտրությունների օր է նշանակվել մայիսի 14-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դուք առաջին անգամ կքվեարկեք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում»,-հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Hurriyet թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Էրդողանը կարող է մարտի 10-ին հրամանագիր ստորագրել ընտրությունների օրը մայիսի 14-ին նշանակելու մասին, քանի որ իշխող կուսակցության և MHP կոալիցիայի ձայները բավարար չեն լինի խորհրդարանում ընտրությունների օրը հետաձգելու համար: Էրդողանի լիազորությունները բավարար են խորհրդարանը ցրելու և հրամանագրից 60 օր անց արտահերթ ընտրություններ հայտարարելու համար։
Թուրքիայի իշխող կուսակցությունն ուզում է տեղափոխել նախագահական ընտրությունների օրը․ ԶԼՄ
Թուրքիայում հերթական համապետական ընտրությունները՝ միաժամանակ նախագահական և խորհրդարանական, նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին։ Ինքը՝ Էրդողանը, օրերս արդեն ակնարկել էր մայիսի 14-ին ընտրությունների անցկացման մասին։ Հենց այդ օրն է Թուրքիայի վարչապետի պաշտոնում ընտրվել Ադնան Մենդերեսը, որը պաշտոնանկ է արվել 1960 թվականին և մեկ տարի անց մահապատժի ենթարկվել։
Իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցություններն ավելի վաղ ձևավորել էին «ժողովրդի դաշինքը»։ Թուրք ազգայնականների առաջնորդ Բահչելին հայտնել էր, որ նախագահ Էրդողանն առաջիկա ընտրություններում լինելու է «ժողովրդի դաշինքի» թեկնածուն։ Ընդդիմությունը դեռ թեկնածուի անունը չի հայտարարել, նախատեսում է դա անել փետրվարին։