Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյունն ուղեկցել են Արցախ

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցություններ վարել անխափան երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԴ խաղաղապահները Գորիսից մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
«Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով», - նշած է հաղորդագրության մեջ:
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը նաև շարունակում է բանակցություններ վարել Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։