Օտարերկրյա արժույթների ստեղծած ռիսկերի նվազեցումը ԵԱՏՄ-ի առաջադրանքն է. Պուտին

Ռուսաստանի բանկերի մի մասն անջատված է SWIFT համակարգից, ինչը դժվարացնում է ՌԴ–ի հետ միջազգային բանկային փոխանցումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ի համար հրատապ խնդիր է անվանել ռիսկերի նվազեցումը, որոնք փոխադարձ առևտրի համար ստեղծում է օտարերկրյա արժույթների և վճարային համակարգերի օգտագործումը։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Հրատապ խնդիր է դիտվում տնտեսական ռիսկերի հետևողական նվազեցումը, որոնք փոխադարձ առևտրի համար ստեղծում է օտարերկրյա արժույթների և վճարային համակարգերի օգտագործումը։ Մենք ելնում ենք նրանից, որ միության ներսում կայուն հաշվարկային հարաբերությունների անքակտելի պայման է գործընկերների միացումը Ռուսաստանի Բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին և ազգային վճարային համակարգերի փոխգործակցության զարգացումը»,-ասված է ուղերձի տեքստում։
Բացի այդ, ՌԴ ղեկավարի խոսքով, ֆինանսական շուկաների ներդաշնակեցումը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի, որպեսզի անդամ երկրների կապիտալը մնա միավորման ներսում և ներդրվի ազգային տնտեսություններում:
Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ նպատակահարմար է համարում ուսումնասիրել Եվրասիական վարկանիշային գործակալության ձևավորման հնարավորությունը, որը գնահատման գործիքակազմ կապահովի մակրոտարածաշրջանի տարածքում աճող տնտեսական ակտիվության սպասարկման համար։
ԵԱՏՄ-ն բազմավեկտոր աշխարհի հզոր բևեռներից մեկը դառնալու հնարավորություն ունի. Պուտին
Նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր Եվրասիական զարգացման բանկի զեկույցում, ԵԱՏՄ տարածքում ձեռնարկությունների միջև ազգային արժույթներով փոխհաշվարկների մասնաբաժինը կազմում է մոտ 70%: Հավելենք, որ ներկայում Ռուսաստանի բանկերի մի մասն անջատված է SWIFT համակարգից, ինչը դժվարացնում է ՌԴ–ի հետ միջազգային բանկային փոխանցումները:
Որպես այլընտրանք օգտագործվում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի СПФС վճարային տեղեկատվական համակարգը:
Ինչպես կարգավորել դրամի և ԵԱՏՄ այլ արժույթների հետ ռուբլու ուղիղ գնանշումները. պարզաբանում
2022 թվականի գարնանը Ռուսաստանը լքեց համաշխարհային վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակը» (Fitch, Moody’s, S&P)։ Ռուսական ձեռնարկություններին վարկային վարկանիշ տրամադրելու համար դեռևս 2014 թվականին Ռուսաստանի բանկը տեղական վարկանիշային գործակալությունների աշխատանքի նոր մեթոդաբանություն է ընդունել, իսկ վերջին ամիսներին քննարկվել է նաև եվրասիական մասշտաբով նման գործակալություն ստեղծելու գաղափարը։