Օդային բեռնափոխադրումներով ՀՀ–ն կարող է մրցակցել Թուրքիայի հետ. «Արմավիայի» նախկին տնօրեն

Նորայր Բելույանի համոզմամբ` բեռնափոխադրում իրականացնելու համար պարտադիր չէ բեռնատար ինքնաթիռներ ունենալ։
Sputnik
Օդային բեռնափոխադրումների ոլորտում Հայաստանը ռեալ շանսեր ունի թուրքական փոխադրողների հետ մրցակցելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Արմավիա» ավիաընկերության նախկին տնօրեն Նորայր Բելույանը` մեկնաբանելով այդ որոշման հնարավոր արդյունքներն ու հետևանքները հայկական փոխադրողների համար։
«Եթե ճիշտ աշխատենք, մենք լավ հնարավորություն ունենք մրցակցություն ստեղծելու այդ բնագավառում։ Մենք այսօր էլ ունենք փոխադրող` Fly One-ը, որը Թուրքիա է թռչում Pegasus-ի հետ մեկտեղ. Fly One-ը` այս կողմից, Pegasus-ը` այն կողմից։ Եվ սա Pegasus-ն է, որի հետ հանգիստ կարելի է մրցակցել։ Դա իրենց ազգային փոխադրողը չէ` Turkish Airvays-ը չէ, որի հետ մրցակցելը, իհարկե, շատ դժվար կլիներ։ FlyOne-ն էլ նորմալ ավիաընկերություն է։ Իրենք կարող են հաջողության հասնել նաև բեռնափոխադրումների ոլորտում»,– ասաց Բելույանը։
Նշենք, որ Fly One-ն այսօր դեպի Թուրքիայի հետբացառապես ուղևորափոխադրումներ է իրականացնում։ Սակայն Բելույանը վստահ է, որ նույն ինքնաթիռներով կարելի և բեռներ փոխադրել։

«Դրա համար պարտադիր չէ ունենալ հենց բեռնափոխադրող ինքնաթիռներ։ Կարելի է նաև ուղևորափոխադրող ինքնաթիռներով մեծ քանակության բեռներ փոխադրել։ FlyOne-ը նման հնարավորություն ունի, քանի որ ունի լավ և թարմ ինքնաթիռներ»,– ասաց Բելույանը` հավելելով, որ Հայաստանը նման փոխադրումների փորձ արդեն իսկ ունի հունական ավիաընկերության հետ։

Նա նշեց, որ հունական ընկերությունը, որը մինչև վերջերս միայն ուղևորափոխադրումներ էր իրականացնում, սկսել է նաև բեռնափոխադրումներ իրականացնել։
«Մինչև հիմա այդ ընկերությունը բեռնափոխադրումներ չէր անում, քանի որ Երևանի օդանավակայանը չուներ անվտանգության համապատասխան միջոցներ։ Հիմա այդ հարցը լուծվեց, և հունական ընկերությունը նաև սկսել է բռնափոխադրումներ անել` դրա համար ոչ թե հատուկ բեռնատար ինքնաթիռներ օգտագործելով, այլ ուղևորատար ինքնաթիռներով է բեռներ փոխադրում, ու բավական հաջողված ձևով»,– ասաց Բելույանը։
«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է. Անանյանը հայտնել է պատճառը
«Արմավիայի» նախկին տնօրեն նաև հայտնեց, որ ներկայում նման հնարավորություն ունի միայն «Զվարթնոց» օդանավակայանը, «Շիրակը» դեռ բեռնափոխադրումների համար հարմարեցված չէ։ Հետևաբար, Թուրքիայի հետ բեռնափոխադրումների համար առայժմ կարող է օգտագործվել միայն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը։
Թե Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների բացման դեպքում որ ավիաընկերությունները նման թռիչքների իրավունք կստանան, Հայաստանի պետական կառույցներն առայժմ պաշտոնապես չեն հայտնում։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն օրեր առաջ այդ հարցին ի պատասխան ասել էր, որ գործընթացում պետք է պահպանվի կողմերի հավասար մասնակցության սկզբունքը։
«Աշխատանքի սխեման, ես կարծում եմ, պետք է լինի պարիտետային։ Հստակ գործողություննների փուլ դեռ չենք անցել, թե ինչ ձևով են կազմակերպվելու այդ օդային բեռնափոխադրումները, մեր կողմից որ կազմակերպություններն են մասնակցելու, իրենց կողմից` որոնք։ Բայց հենց պատկերը հստակ ունենանք, կարող ենք քննարկել տարբեր տարբերակներ»,– ասել էր փոխնախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այդ առիթով կարծիք էր հայտնել, որ տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր կդառնա։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն է: Դրա իրականացման հստակ ժամկետ կողմերն առայժմ չեն հայտարարել, թեև երկուստեք հաստատել են պայմանավորվածության փաստը։