Տոյվո Կլաարը ՀՀ կատարած իր հերթական այցն ավարտում է Փաշինյանի հետ հանդիպելով

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաաարին
Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում ու սրվում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, առողջապահական հիմնարկներն ունեն դեղորայքի խիստ պակաս և կանգնած են լրջագույն խնդիրների առաջ:
«Բացի այդ, Ադրբեջանի կողմից դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, առկա է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր»,– ասել է վարչապետը։
Կարևորելով ստեղծված իրավիճակին միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Փաշինյանը գոհունակությամբ է ընդգծել օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերի փաստը:
Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ և ընդգծել միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և շարունակելու է նպաստել այդ խնդրի լուծմանը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ-ԵՄ համատեղ ծրագրերի ընթացքի շուրջ:
Նշենք, որ ավելի վաղ Կլաարն արդեն հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։