Կրակոցներ Կալիֆոռնիայում, կա 10 զոհ. կասկածյալը ևս մեկ հարձակում էր ծրագրել

Կրակոցներ Կալիֆոռնիայում
Զոհերի ինքնությունը պարզվում է։ Բոլորը 50 տարեկանից բարձր տարիքի անձինք են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Կալիֆոռնիայի Մոնտերեյ Պարկում 10 մարդու սպանության մեջ կասկածվող Հու Կան Տրանը ծրագրում էր ևս մեկ հարձակում իրականացնել պարային ստուդիայի վրա: Տեղեկությունը հայտնում է «Los Angeles Times» թերթը։
«Կասկածյալը մտել է «Lai Lai» պարային ստուդիա, հնարավոր է՝ մտադրություն ունենալով սպանել ևս երկու մարդու, սակայն տեղի համայնքի երկու անդամներ զինաթափել են հանցագործին՝ խլելով նրա ատրճանակը, և տղամարդը փախել է»,- հայտնել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան։
Կրակոցների վայրը
Նրա տվյալներով՝ կասկածյալը հեռացել է սպիտակ ֆուրգոնով, որն ավելի ուշ հայտնաբերվել է Տորանս քաղաքում։ Ֆուրգոնի ներսում հայտնաբերվել է կրակողի մարմինը։
Զոհերի ինքնությունը, որոնց թվում եղել է հինգ կին, պարզվում է։ Նրանք բոլորը 50-ից բարձր տարիքի են:
Կրակոցների վայրը
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Մոնտերեյ-պարկում գտնվող պարային ստուդիայում, 10 մարդ մահացել է, ևս 10-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունը կարծում է, որ կրակել է 72-ամյա Հու Կան Տրանսը, նրա գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն: