«Հույզեր են». Կաֆելնիկովը և Դմիտրիևան խոսել են Խաչանովի` Արցախին ուղղված գրառումների մասին

Կարեն Խաչանով
Կարեն Խաչանովը հաջող է հանդես գալիս «Australian Open»–ում, սակայն Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան ոչ մարզական բնույթի դժգոհություններ ունի նրա նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչները կամ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան դժվար թե պատժամիջոցներ կիրառեն ՌԴ–ն ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովի նկատմամբ նրա քաղաքական հայտարարությունների պատճառով։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել աշխարհի նախկին ռակետ Եվգենի Կաֆելնիկովը։
Ավելի վաղ Խաչանովը, որը հայրական կողմից հայկական արմատներ ունի, «Australian Open»–ում 1/16-րդ փուլ դուրս գալուց հետո տեսախցիկի վրա գրել էր. «Արցա՛խ, պինդ մնա»։ Կիրակի օրը «Australian Open»–ի 1/8-րդի ժամանակ էլ, երբ հաղթել էր ճապոնացի թենիսիստ Յոսիխիտո Նիսիոկոյին, նա կրկին տեսախցիկի վրա գրել էր. «Շարունակիր հավատալ մինչև վերջ. Արցա՛խ, ուժեղ մնա»։
«Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնությունում լավ է ելույթ ունենում, այլ բան չունեմ ավելացնելու։ Նրա և Անդրեյ Ռուբլյովի գործերը մինչ այս պահը լավ են ընթանում։ Ինձ համար դժվար է մեկնաբանել այդ պահը (խոսքը Խաչանովի գրառումների մասին է. խմբ.)։ Ես չեմ կարծում, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան նրա նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի»,– ասել է Կաֆելնիկովը։
Հեռուստամեկնաբան, խորհրդային տարիների թենիսիստ Աննա Դմիտրիևան էլ նշել է, որ հայազգի մարզիկի գործողությունները պայմանավորված են հոր հայրենիքի` Հայաստանի հանդեպ հուզական վերաբերմունքով։
«Կասեմ միայն, որ Կարենը շատ պարկեշտ տղա է։ Մի քանի տարի առաջ նա առաջին անգամ այցելել էր Հայաստան և ցնցված էր բոլորի ընդունելությունից։ Նա հատուկ վերաբերմունք ունի իր հոր հայրենիքի նկատմամբ, թեև ինքը չի տիրապետում լեզվին»,– ասել է Դմիտրիևան։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան Խաչանովի գործողությունն անվանել է սադրանք և բողոք է ուղարկել Թենիսի միջազգային ֆեդերացիա` պահանջելով պատժել նրան։