ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է ավելի քան 1 տոննա ապօրինի որսված ձուկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` նշելով, որ ավարտվել է Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված, 36 օր տևած խստացված վերահսկողությունը։
Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը տեսչական մարմինը ոստիկանության, «Սևան» ազգային պարկի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքից դուրս եկող ճանապարհների հենակետերում։
«Շուրջօրյա հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3877 հատ, 1345.3 կգ սիգ, 10 կգ ձկնկիթ, լճից դուրս են բերվել ապօրինի գործիքներ՝ 174 ձկնորսական ցանց, 95 խեցգետնաորսիչ, 3 ռետինե նավակ, լճի առափնյա հատվածից ապամոնտաժվել ու հեռացվել են ժամանակավոր կացարաններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արձանագրված մի շարք դեպքերով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։