ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` լուրեր են շրջանառվում Գրիգորյանի հրաժարականի մասին։ Մամուլում նաև տեղեկություններ կան, որ վերջինս տեղափոխվում է Բարձրագույն դատական խորհուրդ։
«Դիմումը ներկայացվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, և պատշաճ պահի Գրիգորյանը հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Տվյալ դեպքում պաշտպանի լիազորությունները դադարում են հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 1 շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում։
«Քրիստինե Գրիգորյանը ձգտել է մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել անաչառորեն, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ հավատարիմ մնալով Ազգային ժողովում տրված երդմանը»,– շեշտում են ՄԻՊ աշխատակազմից։
Պաշտպանի աշխատակազմից ընդգծել են, որ Գրիգորյանն իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքը հաստատության ինստիտուցիոնալ զարգացման և անցումային ու ճգնաժամային իրավիճակներում դիմակայունության բարձրացման ուղղությամբ։
Քրիստինե Գրիգորյանը ԱԺ–ին է ներկայացնելու է իր գործունեության մասին ամփոփ հաղորդում։ Այն կներկայացվի երկրորդ դիմումի հետ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն Գրիգորյանին մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել էր 2022-ի հունվարի 24-ին։
Քրիստինե Գրիգորյանը նոր պաշտոնը ստանձնեց նույն տարվա փետրվարի 23-ից հետո, երբ լրացավ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը։
Հավելենք, որ Գրիգորյանն ունի երկու բարձրագույն կրթություն` երկու մասնագիտությամբ՝ իրավագիտություն և արևելագիտություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, հիմնականում աշխատել է պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմ, ՀՀ արդարադատության նախարարություն, առաջին փոխվարչապետի աշխատակազմ:
2014-15թթ-ին նա աշխատել է ԱՄՆ ՄԶԾ «Աջակցություն Հայաստանի ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ծրագրում: Իսկ 2021թ-ի ապրիլից Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: