Հայաստանը Սինգապուր է արտահանում ծխախոտ, ներկրում է սարքեր, ոսկի ու դեղորայք

Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Հայաստանը որոշել է վավերացնել Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի Հանրապետությանմիջեւ ազատ առեւտրի մասին 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված համաձայնագիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանը պատրաստվում է վավերացնել Սինգապուրի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև 3.5 տարի առաջ ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Հարցն այսօր քննարկվել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, դրական եզրակացությամբ առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայնագրի վավերացման նախագիծը ներկայացնելիս հայտնեց, որ դրանով նախատեսվում է մաքսատուրքերից ազատել Սինգապուրից ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող 12 229 անուն ապրանք, որից 4858–ի մասով 0–ական մաքսատուրքի կիրառումն ուժի մեջ կմտնի վավերացման ընթացակարգի ավարտից անմիջապես հետո։ Մնացած 7 371 ապրանքների համար սահմանված է ժամանակացույց` 597 ապրանքներ մաքսատուրքից կազատվեն 3 տարի հետո, 2340–ը` 5 տարի, 2201–ը` 7 տարի և 716–ը՝ 10 տարի հետո։
Իսկ Սինգապուրը համաձայնագրով պարտավորվում է մաքսատուրքեր չկիրառել ԵԱՏՄ ծագուման բոլոր ապրանքների նկատմամբ։
«Սինգապուրի ու ԵԱՏՄ–ի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ–ին կազմել է 3.5 մլրդ դոլար։ Առաջին տեղում բնական հանածոներն են, երկրորդ` քիմիական արտադրանքը»,– հայտնեց Քերոբյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, էկոնոմիկայի նախարարը նշեց, որ 2022թ–ին Սինգապուրի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 4 մլն դոլար։
Հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով՝ Հայաստանից Սինգապուր արտահանումների առաջին տեղում այսօր ծխախոտն է, ներմուծման առաջին տեղում` ֆիզիկաքիմիական անալիզի սարքավորումները, ոսկերչական արտադրանքը և օրթոպեդիկ հարմարանքները։ Ներկրվում են նաև գեոդեզիական սարքեր, դեղորայք և այլն։
Նշենք, որ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:
Մենք իրենցից սովորելու շատ բան ունենք. Քերոբյանը՝ Սինգապուրի հետ համագործակցության մասին
ԵԱՏՄ անդամ որևէ երկիր համաձայնագիրը մինչ օրս չի վավերացրել։
Նշենք, որ ԵԱՏՄ–ն ազատ առևտրի համաձայնագիր ունի նաև Իրանի հետ։ Իսկ Վիետնամի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր` առանձին արտադրատեսակների ազատ առևտրի վերաբերյալ։