ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում։
Տոյվո Կլաարն այսօր հայտնել էր, որ վերադառնում է Հայաստան հանդիպումներ ունենալու` ընդգծելով, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել։ Կլաարը նշել է նաև, որ ԵՄ-ի նպատակը հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումն է։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որին իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջնացքի հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։