Բավականին դժվար կացություն է ստեղծվելու իրավական տեսանկյունից, քանի որ ԵԽ–ն անկախ պետություններից մեկի բանակի մի առանձին հատված ճանաչում է ահաբեկչական կառույց` դրանով իսկ Իրանին պիտակավորելով որպես ահաբեկչական պետություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը` մեկնաբանելով եվրոպացի պատգամավորների քայլը։
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ ղեկավարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ ենթադրյալ ահաբեկչական գործունեության, ցուցարարներին ճնշումների ենթարկելու և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆն ի պատասխան հիշյալ բանաձևի` հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողությունների դեպքում Իրանը տարածաշրջանում ԵՄ երկրների բանակները կճանաչի որպես ահաբեկչական խմբավորումներ։
«Վերոհիշյալ բանաձևը մի քանի նպատակ է հետապնդում։ Նախ փորձ է արվում տարածաշրջանում որոշակիորեն սահմանափակել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դերակատարումը, և երկրորդ` հավելյալ ճնշում գործադրել Իրանի վրա` ելնելով երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից, որովհետև իրանցի զինվորականները հաջողությամբ կարողացան ճնշել երկրի ներսում ակտիվացած անջատողականներին։ Այդ քայլով եվրոպացիներն իրենց աջակցությունն են հայտնում նաև իրանցի ընդդիմադիրներին, որոնք պարբերաբար Իրանում բողոքի ալիք են բարձրացնում»,– ասաց Միսակյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հակասություններ չեն առաջանա պաշտոնական Երևանի ու Թեհրանի միջև այն առումով, որ վերջերս ՀՀ ղեկավարությունը խոսեց տարածաշրջանում բազմազգ, այդ թվում՝ նաև եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, Միսակյան ասաց, որ հակասության հավականությունը շատ մեծ է, առավել ևս, որ Իրանը կտրուկ դեմ է այդ հեռանկարին։
«Իրանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ռազմական ներկայությունը ցանկալի չէ` նկատի ունենալով ՆԱՏՕ–ական երկրների ռազմական ներկայությունը` լինի խաղաղապահների, թե ցանկացած այլ տեսքով։ Տարածաշրջանում իրանցիները ռուսական ներկայությունը չեն դիտարկում որպես սպառնալիք բացառության կարգով և փորձում են ՌԴ–ի հետ նույն անվտանգության բնագավառում խորացնել համագործակցությունը»,– նշեց մեր զրուցակիցը։
Միսակյանի կարծիքով` Հայաստանի համար նպաստավոր քայլերից մեկն անշուշտ Իրանի հետ համագործակցության ընդլայնումն է, եթե նույնիսկ եվրոպացիներն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուստը ճանաչեն կամ չճանաչեն որպես ահաբեկչական կազմավորում։ Նրա համոզմամբ` Հայաստանը ներկա պահին մեծ այլընտրանք չունի, առավել ևս, որ Իրանը նույնպես ցանկանում է իր կապերն ամրապնդել Հայաստանի հետ` հայտարարելով, որ Հայաստանի անվտանգությունն, ըստ էության, Իրանի անվտանգությունն է։
Նշենք, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր հերթին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի վերոհիշյալ բանաձևն անվանել է «Եվրոպայի կողմից սեփական ոտքին կրակելու գործողություն»։ Նա կոչ է արել Եվրոպային մտածել իր իմպուլսիվ մտադրության բացասական հետևանքների մասին և անցնել Իրանի հետ կառուցողական հարաբերությունների։