ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը

ԵԽԽՎ
Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը ներառվել է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կքննարկի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«ԵԽԽՎ֊ն րոպեներ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում»,– ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին։ Պատվիրակությունը ղեկավարում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։