Ձեր որդին չպիտի լինի հաջորդ զոհը. Երևանում պահանջում են պատժել հրդեհի մեղավորներին

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց
«Համախմբում» շարժման անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հրաժարականները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամները կառավարության առջև «Ձեր որդին չպետք է լինի հաջորդ զոհը» կոչով բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով պատժել ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի մեղավորներին։
«Համախմբում» շարժման ղեկավարներից մեկը` Մենուա Սողոմոնյանը, հայտարարեց, որ ողբերգության առաջին պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երկրորդ պատասխանատուն` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Եթե կան միջոցներ «Եվրատեսիլի» համար 5 միլիարդ ծախսելու համար, գաղտնի որոշումներով 500 000 դոլարով վարչապետի և նրա տիկնոջ համար նոր մեքենաներ գնելու համար կամ էլ 2 մլն դոլարով հանրապետության հրապարակը զարդարելու համար, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միջոցներ չկան մեր անվտանգությունը պահպանող զինվորների համար նորմալ կացարան պատրաստելու համար։ Բնականաբար, կան այդ միջոցները, սակայն եթե դրանք չեն ծախսվում, ապա նշանակում է, որ ուժեղ բանակն առաջնահերթություն չէ կամ էլ չեն տիրապետում իրավիճակին»,–ասաց Սողոմոնյանը։
Նա նշեց, որ Փաշինյանն ու Պապիկյանը պետք է հրաժարական տան։
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն էլ ասաց` բողոքի ակցիան ուշացած է, քանի որ պետք էր վաղուց բողոքեին և հանգիստ չտային կառավարությանը։
«Այս կառավարության օրոք բանակը դարձել է երկրի խորթ զավակը, փորձում են քայլ առ քայլ բանակը ծնկի բերել։ Իսկ հրդեհի դեպքի ժամանակ տեսեք ինչ եղավ` նոր էինք լսել դրա մասին, երբ արդեն 8 սպա ազատվեց պաշտոնից առանց ծառայողական քննության։ Շատերը, որոնց գործից հանել է Փաշինյանը, մեղք չունեն, որ զինվորները մնում էին այդ ախոռի մեջ։ Հենց Փաշինյանն է դրա պատասխանատուն»,–ասաց Չալաբյանը։
Նա հավելեց, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա այս դեպքը վերջինը չի լինելու, ուստի պետք է ոտքի կանգնել և պայքարել։
Ավետիք Չալաբյան
Բողոքի ակցիայի մասնակիցները լուռ երթով այժմ քայլում են դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որպեսզի մոմեր վառեն հրդեհի հետևանքով մահացած 15 զինվորների հիշատակին։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։