ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է «անհապաղ» ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար, հայտնում է Պետդեպարտամենտը։
Բլինկենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ծնած հումանիտար ճգնաժամը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։
«Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»,- ասվում է հայտարարության մեջ։
Բլինկենը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։