ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, թե ինչ ախտորոշում ունեն այսօր Հայաստան տեղափոխված 4 պացիենտները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 4 հիվանդ տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ` «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան» և «Առաջնային անպտղություն» ախտորոշումներով։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները»,– ասված է հաղորդագրությունում։
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Հիշեցնենք, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։