Թբիլիսին պատրաստ է Երևանի և Բաքվի միջև որպես մոդերատոր հանդես գալ

Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Վրաստանում կարծում են, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Թբիլիսին պատրաստ է ստանձնել մոդերատորի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում: Վրաստանում պարզաբանել են, թե ինչու են ցանկանում որպես միջնորդ հանդես գալ։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ կայուն և խաղաղ տարածաշրջանը բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից։
Մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին Վրաստանը (լինի դա Թբիլիսին, թե որևէ այլ քաղաք) համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը։
Լրագրողների հետ զրույցում Վոլսկին նշել է, որ Թբիլիսին առանձնահատուկ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Բացի այդ, այստեղ բնակվում են երկու խոշոր համայնքներ՝ հայկական և ադրբեջանական։
«Վրաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, անկասկած, առանձնահատուկ նշանակություն ունի, հատկապես, եթե ձևաչափին աջակցի միջազգային հանրությունը»,- ասել է Վոլսկին:
Նրա խոսքով՝ Թբիլիսիի շահերից է բխում տարածաշրջանը փրկել հետագա ռազմական էսկալացիայից, հենց դրա շուրջ պետք է միավորվեն կողմերը։
Իր հերթին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Միխայիլ Սարջվելաձեն նշել է, որ Վրաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և պատրաստ է կոնկրետ պարտավորություններ ստանձնել:
«Բոլորը հասկանում են մոդերացիայի բարդությունը, սա պարզ հարց չէ և հեշտ լուծելի չէ։ Սակայն կողմերի և միջնորդի պատրաստակամությունը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար լավ նախապայման է», - ասել է Սարջվելաձեն։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Վրաստանի մոդերատորական դերին՝ նշելով իրենց անշահախնդրությունն ու չեզոքությունն այդ կապակցությամբ: Ղարիբաշվիլին նաև ընդգծել էր, որ վրացական կողմի շահերից է բխում առաջնորդների եռակողմ հանդիպման անցկացումը (Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) Թբիլիսիում:
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը դիտարկում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ թբիլիսյան հարթակի շրջանակներում հանդիպում անցկացնելու գաղափարը: