Ֆրանսիացի Մարիուս Պետիպան է ասել հայուհի Ագրիպինա Վահանովայի մասին։ Մեծ բալետմայստերը փայլում էր բեմում, իսկ հետո, ինչպես կարողանում էր, մյուսներին էր պարել սովորեցնում, բայց նա չէր կարող սովորեցնել այնպես, ինչպես դա անում էր անգերազանցելի Վահանովան։
Վահանովան նույնպես պարում էր, բայց չէր փայլում, փոխարենը արժանացել էր «Խորեոգրաֆիայի Միքելանջելո» կոչմանը. պարել էր սովորեցրել Գալինա Ուլանովային, Մարինա Սեմյոնովային, Նատալյա Դուդինսկայային։ Դպրոցը, որտեղ նա դասավանդում էր, այսօր կոչվում է «Ա․Յ․ Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա» (հին անվանումը՝ Ա․Յ․ Վահանովայի անվան Լենինգրադի պետական «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանի խորեոգրաֆիկ վարժարան)։ Քանի՞ դպրոց գիտենք, որ իրենց հիմնադիրների անունով են կոչվել։
Դե ինչ, ամեն մեկին՝ իրենը, և ոչ միայն բալետում։ Նույն Պետիպան ասում էր․ «Բալետը լուրջ արվեստ է, որում պետք է գլխավորեն պլաստիկան և գեղեցկությունը, ոչ թե զանազան թռիչքները, անիմաստ պտույտներն ու ոտքերը գլխից վեր բարձրացնելը․․․ այդպես բալետն ընկնում է, անկասկած ընկնում է»։
Իսկ վեր է սլանում, երբ հայտնվում են Ուլանովան, Դուդինսկայան և այլոք, իսկ Երևանում փայլում են Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Ռուդոլֆ Խառատյանը, իսկ ավելի վաղ Բրոդվեյում պարում էր Լևոն Դանիելյանը։ Դա հենց այն էր, ինչ պետք էր, իսկ հետո եղածը դժվարությամբ մտաբերվող ինչ-որ բան է։ Ընդ որում, նկատենք` Երևանում սեփական դպրոցը կար, բայց առանց «Խորեոգրաֆիայի Միքելանջելոյի»՝ ի դեմս Ագրիպինա Վահանովայի, ցավոք։
Ինչո՞ւ էր տիկին Վահանովան ահավոր։ Որովհետև ուսուցիչները լինում են մեղմ ու սիրելի, ինչպես նաև խիստ ու համառ, վերջինների հանդեպ սերն ավելի ուշ է ծնվում, երբ ուսուցիչն աշխարհին ներկայացնում է իր վերջնական «արտադրանքը»։
«Շորի պես մի կախվիր փայտին», «Գետինը մի լպստի ոտքով», «Բամբակն ականջներիցդ հանիր», «Քոնը ձե՞ռք է, թե՞ կրակխառնիչ»․․․նրանից ոչ ոք չէր նեղանում, հասկանում էին՝ միայն նա կարող է սովորեցնել պարի արվեստը։ Չեք ուզում՝ գնացեք նրանց մոտ, ովքեր սիրալիր են և «դուք»-ով են փորձ անում։
Սպորտի հետ զուգահեռները տեղին են։ Օրինակ` Արտյոմ Ֆալյանը՝ Երևանի «Արարատի» կատաղի, ջղային, անզիջում մարզիչը։ Նրա օրոք ընդհանուր առմամբ միջակ թիմը հայտնվեց բարձրագույն լիգայում, իսկ նրանից հետո, արդեն Նիկիտա Սիմոնյանի օրոք, դարձավ չեմպիոն և նվաճեց ԽՍՀՄ գավաթը։ «Անձնվիրաբար նվիրված էր ֆուտբոլին և նույնը պահանջում էր մյուսներից։ Սկսեց համալրել «Արարատը», ֆուտբոլիստներին իր ճաշակով էր ընտրում, իսկ նրա ճաշակը վատը չէր։ Նրա օրոք թիմն ուժ հավաքեց»,-հիշում էր Ֆալյանին փոխարինած Նիկիտա Սիմոնյանը։
Ուսուցիչ Վահանովայի գլխավոր պահանջը շարժումների իմաստայնությունն էր։ Ճիշտ նույն կերպ էլ` խելքով ու իմաստով, գնդակը վարում էին Սարգիս Հովսեփյանը, Լևոն Իշտոյանն ու հայկական ֆուտբոլի մյուս դասականները։
Վահանովայի ժամանակակիցների հուշերից․ «Ահա պարող Օբլակովը նրբագեղորեն սահելով մտնում է պարի դասարան և, նույնիսկ չնայելով պատանի աշակերտուհիների շարքին, պարային պա է ցույց տալիս։
-Կրկնեք․․․ մեկ, երկու, երեք,-ասում էր նա։
Ագրիպինան առաջ էր գալիս և հարցնում․
-Իսկ չե՞ք ուզում մեզ հետ վերլուծել այդ շարժումը։
Օբլակովը քիչ էր մնում լեզուն կուլ տա այդպիսի լկտիությունից․
-Ձեր գործը, տիկին, իմ հետևից կրկնելն է, ոչ թե հիմար հարցեր տալը։
Հարցերն, իհարկե, հիմար չէին, բայց միանշանակ համարձակ էին։ Փոխարենը հետո, երբ սկսի մյուսներին սովորեցնել, Վահանովան ցույց կտա, թե ինչպես հասնել օդում երկար մնացող թռիչքներին։ Երբ առանց նախավազքի տեղից պոկվում են ու մի քանի վայրկյան անշարժ կախված մնում օդում։ Ապշեցնում է, կախարդում, անհնար է թվում։
«Ռուսական բալետը վահանովյան բալետն է։ Ամեն ինչ Ագրիպինա Վահանովնան է մտածել և արել։ Նա է մտցրել այն ամենը, ինչ այսօր նույնացնում են ռուսական բալետի հետ»,-ասում է Պարի ակադեմիայի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանը։
Հաճելի է, երբ այդպես են խոսում հայազգի ունտեր-սպա Հակոբի դստեր մասին, Հակոբի, որը հետագայում Մարիինյան թատրոնի հսկիչն էր և տեսնում էր, որ բալետի բոլոր պարուհիները նիհարիկ ու ձիգ են, մինչդեռ իր Գրունյան խոշոր ու թմբլիկ էր մեծանում։
Այնուամենայնիվ, նա ստանում է առաջին դերերը, ճիշտ է՝ շատ փոքր, օրինակ՝ թմբլիկ Ամուրչիկի դերը Չայկովսկու «Քնած գեղեցկուհի» բալետում։
Երեսունվեց տարեկանում Վահանովան թատրոնը թողնելու մասին թուղթ է ստանում․ բալետի պարուհու կյանքը կարճ է։ Գնում է պարի դպրոցում դասավանդելու, հենց առաջին ավարտական դասարանն ապշեցնում է բոլորին։ «Ընդունվածների բախտը բերել է»,-բացատրում էին գործընկերները։ Վահանովան քմծիծաղ է տալիս և սկսում է գրել «Դասական պարի հիմունքները» մեթոդաբանական ձեռնարկը։ Գիրքը բեսթսելլեր է դառնում․ բազմաթիվ անգամներ հրատարակվում է ԽՍՀՄ-ում, վերահրատարակվում` Եվրոպայում։
Կենսագիրները հայտնում են, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ագրիպինա Յակովլևնան վերապրել է շրջափակումը, ապա՝ տարհանումը։ Քառասուներեք թվականին նրան առաջարկել են Մեծ թատրոնի գլխավոր խորեոգրաֆի պաշտոնը, Վահանովան հրաժարվել է։
Միայն Լենինգրադը, միայն հարազատ դպրոցը, միայն իր աղջիկները՝ աստղերը, որոնց որևէ մեկը պետք է օգնի, որ փայլեն։ Նա վերադառնում է հայրենի քաղաք և դասավանդում է այնտեղ մինչև մահ՝ մինչև 1951 թվականի նոյեմբերի 5-ը։
Ի գիտություն․ Վահանովայի անվան Բալետի ակադեմիան հիմա ավելի քան 275 տարեկան է։ Այնտեղ մոտ 300 ուսանող է սովորում։ Ակադեմիայի ռեկտորը Նիկոլայ Ցիսկարիձեն է։