ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն իր շնորհավորանքում ընդգծել է, որ երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերություններն արդեն 30 և ավելի տարիների պատմություն ունեն։ Նա վստահություն է հայտնել, որ այս ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում գրանցված փոխշահավետ համագործակցության արդյունքներն առաջիկայում կբազմապատկվեն։ Նա շեշտել է, որ մեր երկիրը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ համագործակցության կայուն և հետևողական զարգացումը:
«Մեծապես հավատացած և լիահույս եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,– նշված է վարչապետի շնորհավորական ուղերձում։
Նա Չինաստանի բարեկամ ժողովրդին մաղթել է երջանկություն, բարօրություն, խաղաղություն, ներդաշնակություն,առաջընթաց և բարգավաճում։