Ներմուծված հավի միսը (սառեցված) բերվում է Հայաստան, ապասառեցվում և վաճառվում իբրև թարմ միս։ Ըստ տեղական արտադրողների, ներմուծողների այս գործելաոճը ավելի ու ավելի է տարածվում։ Արտադրողները դժգոհում են նաև նրանից, որ Հայաստանում չեն բարձրանում ոչ ԵԱՏՄ տարածքից ներմուծված հավի մսի մաքսատուրքերը։
Հավի մսի տեղական արտադրությունը վերջին 10 տարիներին գրեթե կրկնապատկվել է` 8 400–ից դառնալով16 200 տոննա, իսկ Հայաստանի շուկայում դրա մասնաբաժինը աճել է 18-20%-ից մինչև 30%։ Կատարված ներդրումների ու շուկայի վերահսկող մարմնի (կարճ` Սննդի տեսչության) աշխատանքի շնորհիվ Հայաստանին նաև հաջողվել է կանխել թռչնագրիպի ներթափանցումը երկիր։
Սակայն ներկայումս ֆաբրիկաներն աշխատում են գրեթե առանց շահույթի և չեն կողմնորոշվում` շարունակել ներդրումները, թե ոչ։ Կուտակված խնդիրները թռչնաբույծների միությունը (արտադրողների հետ միասին) ներկայացրել է կառավարություն, օրերս էլ հանդիպ է կայացել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։
ԵԱՏՄ մաքսատուրքերն անընդհատ հետաձգվում են
Սկսած 2015-ից, երբ Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ–ին, երկիրը պետք է աստիճանաբար անցներ միասնական մաքսատուրքերին, որոնք ավելի բարձր են, քան եղել են Հայաստանում։ Որպեսզի սոցիալական նշանակության սննդամթերքի գները երկրում չբարձրանային, Հայաստանը ստացավ 5-ամյա անցումային շրջան, որի ընթացքում մաքսատուրքերն աճում էին աստիճանաբար։ Հետագայում` 2020-ից հետո, ոչ ԵԱՏՄ երկրներից թռչնի մսի մաքսատուրքը պիտի 22%-ից բարձրանար 50%, բայց Հայաստանում թողնվել է 25%–ի մակարդակին։ Բայց դա էլ գրեթե չի կիրառվում. կառավարությունը սահմանել է սակագնային քվոտաներ, որոնց ներքո թռչնի մսից մաքսատուրք չի գանձվում (կրկին` սոցիալական նկատառումներով)։ Տեսնելով տեղական արտադրողների դժգոհությունը քվոտավորման մեխանիզմից, պետական լիազոր մարմինը նրանց առաջարկել է ևս օգտվել դրանից։ Ֆաբրիկաները մերժել են առաջարկը` ասելով, որ չեն ուզում արտադրողներից վերածվել ներկրողների։
Ամեն տարի էկոնոմիկայի նախարարությունը տեղական արտադրողներին հավաստիացնում էր, որ մաքսատուրքերը, այնուամենայնիվ, կբարձրացվեն, սակայն դա տեղի չէր ունենում։ Արտադրողները հիմնավորում էին, որ այդ դեպքում կկարողանային նորից ընդլայնել արտադրությունը` տարեկան 2-2.5 հազար տոննայով, եթե երաշխիք ունենային հավասար մրցակցության։ Կարող է հարց ծագել` ինչո՞ւ, ըստ նրանց, ներկրողներն ավելի շահեկան վիճակում են։
Մրցակցություն` այո, բայց...
Ուկրաինայից ու Վրաստանից ներմուծումն ազատ է մաքսատուրքերից, քանի որ այդ երկրները մաս են կազմում ԱՊՀ Ազատ առևտրի գոտու համաձայնագրի (չմասնակցելով ԱՊՀ–ին, նրանք, այնուամենայնիվ, մնում են այդ համաձայնագրի կողմեր)։ Այսպիսով նրանք մրցակցային առավելություն են ստանում ոչ ԱՊՀ երկրների` Բրազիլիայի կամ ԱՄՆ–ի նկատմամբ, բայց սա ավելի շատ ներմուծողների ներքին հարցն է։ Իսկ տեղական արտադրողի համար խնդիրը ոչ թե մսի ծագման երկիրն է, այլ այն, որ այդ սառեցրած միսը Հայաստանում ավելի և ավելի հաճախ վաճառվում է որպես թարմ ՝ ստանալով չարդարացված գնային հավելավճար, նշում է ՀՀ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Ներկրողները Ուկրաինայի և Վրաստանի արտադրողներից այդ միսը գնում են ինքնարժեքով, առանց ԱԱՀ–ի (որը չի գանձվում արտահանման ժամանակ, միայն` Հայաստանում վաճառքի ժամանակ), իսկ Հայաստանում վաճառում, ինչպես նշեցինք, տեղականի կողքին` թարմի գնով։ Օգտվելով թույլ վերահսկողությունից ՝ նրանք ոչ մ իայն ամբողջական հավը, այլև արդեն կրծքամիսն են առանձնացնում և որպես թարմ վաճառում, հավելում է Ստեփանյանը։ Առևտրի բարեխղճության խնդիր չէր լինի, եթե այդ միսը վաճառվեր որպես սառեցրած (ինչպիսին որ է ։
Տեսականորեն, դրսից ևս կարելի է ներմուծել թարմ հավի միս, սակայն դրա պահպանման ժամկետը 48- 72 ժամ է, ուստի դժվար է պատկերացնել, որ անգամ Վրաստանից միսը այդքան արագ կանցնի ներմուծման ու իրացման ողջ շղթայով (արտադրողից փոխադրում, մաքսազերծում, պահեստ, առաքում առևտրի կետեր):
Սպառողը մոլորվում է
ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերից մեկով 3-րդ երկրներից ներկրվող թռչնամիսը դասվում է որպես ռիսկային, ինչը պահանջում է մսի ոչ թե խմբային, այլ անհատական փաթեթավորում խորը սառեցված վիճակում: Այնինչ նշված հավի միսը վաճառվում է կամ ընդհանրապես չփաթեթավորված, կամ մեկանգամյա տոպրակների մեջ, որոնց վրա բացակայում է արտադրության ամսաթիվը (միայն` փաթեթավորման)։ Հաճախ չկան նաև արտադրողի և ծագման երկրի տվյալները: Այդպիսի մթերքը դրված է տեղական թարմ հավի հետ կողք–կողքի։
Թռչնաբույծների միությունը խնդրո առարկա միսը նմուշառել է և ուղարկել լաբորատոր փորձաքննության, որտեղ էլ փաստվել է, որ դրանում ջրի զանգվածը մոտ 12% է` մոտ երեք անգամ ավելին, քան կարող է լինել թարմ պաղեցրած մսում։ Սա, ըստ ամենայնի, նշանակում է, որ միսը սկզբից սառեցված է եղել, իսկ հետո ապասառեցվել, ինչը հղի է նաև մանրէաբանական ռիսկերով, կարծում են միությունում։
Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա շուկայում շատացել են ներմուծողները (հատկապես մեկանգամյա), որոնցից շատերը երբևիցե չեն զբաղվել թռչնամսի ներկրմամբ և գրանցված չեն սննդի անվտանգության պետական ռեեստրում: Կարճ ժամանակում նրանց թիվը 34-ից հասել է 70-ի։
Ավելի խիստ վերահսկել
Տեղական արտադրողները, ներկրողները, վերահսկող մարմինները պետք է ղեկավարվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով («Թռչնի մսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին»` ընդունված 2021թ), նշում է Ստեփանյանը։ Այնտեղ, մասնավորապես, հստակ սահմանվում է մթերքի տեղափոխման, պահպանման, փաթեթավորման ու մակնշման գործընթացը: Առաջարկվում է նաև հետևել, որ մանրածախում սառեցված ու թարմ պաղեցված թռչնի միսը տեղադրվեն առանձնացված` սպառողին մոլորության մեջ չգցելու համար։
Միությունը նաև առաջարկում է աստիճանաբար նվազեցնել ներմուծման անմաքս քվոտայի ծավալը` հետևելով տեղական արտադրության աճին։ Ինչպես նշել ենք, տարեկան միջինը 50 հազար տոննա շուկայի ծավալից տեղական արտադրությունը ծածկում է 30%-ը, ընդ որում` ամբողջությամբ ծածկում են թարմ պաղեցրած մսի պահանջարկը։
Նշենք նաև, որ տեղական արտադրությունը ստեղծում է ավելի շատ աշխատատեղեր և հարկեր, քան ներմուծվածը։ Ըստ միության հաշվարկների, 1 կգ թռչնամսի հաշվարկով տեղական ֆաբրիկաները բոլոր տեսակի հարկերի գծով պետբյուջե են վճարում միջինը 235 դրամ: Արդյունքում, 2021 թ. տեղական թռչնամսի արտադրությունից և իրացումից հարկերը գրեթե չեն զիջում ներկրումից հավաքվող հարկերին, այն դեպքում, երբ ներկրումը տեղական արտադրանքից ավելի քան կրկնակի շատ է։ Տեղական թռչնամսի արտադրություններում ներկայումս 2060 աշխատատեղ է գործում (չհաշված ձվի արտադրությունը), և առաջիկա երկու–երեք տարիներին այդ թիվը կարող է ավելանալ։