ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Այսօր կեսգիշերից հետո փրկարարները Երևանյան լճից քաղաքացու դի են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 00։43-ին։ Ըստ ստացված տեղեկության` Երևանյան լճում դի է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները լճից դուրս են բերել 28-ամյա Գ․ Պ․-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։