ՌԱԴԻՈ

Ի՞նչ վնաս կարող է հասցնել բերքատվությանը ձյան բացակայությունը. մասնագետի դիտարկումը

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրել է, թե տեղումնազուրկ ձմեռն ինչ հետևանքներ կարող է ունենալ գյուղատնտեսության համար։
Sputnik
Ձյան բացակայությունը կարող է շատ մեծ վնաս հասցնել հիմնականում աշնանացան ցորենի բերքատվությանը։ Ձյան շերտը պաշտպանում է ցորենը ցրտահարությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը։
Այս տարվա ձմռան ամիսներն աչքի չեն ընկնում տեղումների առատությամբ, ինչն իր հերթին հարուցել է գյուղական շատ համայնքների հողագործների մտահոգությունը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության համաձայն` Հայաստանի տարածքում մինչև հունվարի 25-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Տեղումնազուրկ եղանակի հետ կապված մյուս խնդիրն այն է, որ խոնավություն նույնպես չի կուտակվի, և երբ եղանակը սկսի տաքանալ, մշակաբույսերի աճը կարող է շատ դանդաղ լինել։ Եվ վերջապես ձյան բացակայության պայմաններում լավ բերքատվության ակնկալիք չենք կարող ունենալ»,– ասաց Ավետիսյանը։
Այդուհանդերձ մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ բնությունը կպահպանի իր հաշվեկշիռը։ Ըստ նրա` օրինաչափությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում հատկապես փետրվար–մարտ ամիսներին տեղումները դառնում են ինտենսիվ։
Անդրադառնալով հունվար ամսվա համար անսովոր տաք եղանակային պայմաններին` Ավետիսյանն ընդգծեց, որ գործ ունենք եղանակային անոմալիայի հետ։
«Եղանակային նման փոփոխությունները գլոբալ տաքացման արդյունք են։ Բնությունն ինքն է թելադրում, իսկ գյուղատնտեսությունը սովորաբար կախված է եղանակի քմահաճույքներից։ Հաշվի առնելով տվյալ հանգամանքը` պետք է հետագայում դիվերսիֆիկացիայի ենթարկել մշակաբույսերը։ Այսինքն` աճեցնենք նաև այնպիսի սորտեր, որոնք կարող են ավելի երաշտադիմացկուն լինել և ավելի քիչ խոնավություն պահանջել»,– նշեց Ավետիսյանը։
Տեղումնազուրկ եղանակը, սակայն, այնքան էլ վնաս չէ ծառերի համար, և եթե կա արհեստական ոռոգում, հոգ չէ, պարզապես ձյան բացակայության կամ խիստ սակավության պայմաններում կարող են տուժել հացահատիկային մշակաբույսերը։