ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ավստրալացի Ջեյմս Ուեբը թուրքական ԶԼՄ-ների հրապարակումների հերոսն է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիայի տարբեր հատվածներում գործող ռեստորաններում ռեկորդներ է սահմանել խորոված ուտելու արագությամբ: Տեղեկությունը հայտնում է Haber global հեռուստաալիքը։
Թուրքիայի արևմտյան Չայիրովա քաղաքում ավստրալացին մասնակցել է ռեստորաններից մեկի ամենամյա մրցույթին և կարողացել է 11 րոպե 55 վայրկյանում 30 շամփուր խորոված ուտել աղցանով և խմիչքով՝ նախորդ ռեկորդը գերազանցելով 4 րոպեով: Հաղթանակի համար որպես պարգևատրում ստացել է 10 հազար լիրա (մոտ 530 դոլար) և ոսկե մեդալ։
Անթալիայում Ուեբը ռեստորաններից մեկի մրցույթի ժամանակ 18 րոպե 37 վայրկյանում 550 կտոր խորոված է կերել և մեկուկես լիտր հյութ խմել։
Ավստրալացու խոսքով՝ միս ուտելուց հետո նա 4 կգ է հավաքել։
Ադանայում Ուեբը գերազանցել է հերթական ռեստորանի ռեկորդը՝ 10 րոպեում կծու տասը սենդվիչ ուտելով։ Նա 500 դոլար պարգևավճար է ստացել: