ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարար Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում հունվարի 23֊25֊ը։ Ելույթի շրջանակում նա կանդրադառնա նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Հայաստան֊Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ֊ԵՄ փոխգործակցությանը։
«ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։