Օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձորի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի նոր խաչը

Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը, տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը։
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը
«Խաչն օծել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է վանքի գմբեթին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ Բազմաթիվ փորձություններ տեսած, բայց կանգուն մնացած եկեղեցու գմբեթն ու խաչը վնասվել էին դեռ 1990-ականներին` անկախացման տարիներին, երբ Թուրքիան արդեն հասցրել էր փակել Հայաստանի հետ սահմանը։
Ռուսաստանի Բրատսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել
Ըստ արձանագրության` եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ։