Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին

Բանաձևը կոչ է անում տեղի կառավարությանը հետաքննել հնարավորությունները, որպեսզի եվրոպական մակարդակով ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին` կառավարությանը և ԵՄ երկրներին կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար, տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON)։
Նիդեռլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ է ընդունել «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Բանաձևը ներկայացրել էր Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» կուսակցություն)։
Բանաձևերում նշվում է, որ ԼՂ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է, և դրա հետևանքով վատթարանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը։
Բանաձևը կոչ է անում տեղի կառավարությանը հետաքննել հնարավորությունները, որպեսզի եվրոպական մակարդակով ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և այդ գործընթացում ներգրավեն ԵՄ համախոհ անդամ երկրներին։
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ի վերաբերյալ բանաձևը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չէ
Նշենք, որ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հունվարի 17-ին խնդրագիր է ներկայացրել Նիդեռլանդների խորհրդարան և խորհրդարանի դիմաց եռօրյա լռության բողոքի ցույց է իրականացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։
Հիշեցնենք, որ երեկ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայե՛ր, միացեք» բարեգործական կազմակերպության հետ հումանիտար օգնություն էին բաժանել Ասկերանի շրջանում. հասցեական օգնություն են ստացել 2426 երեխաներ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Ադրբեջանական կողմը հունվարի 20–ին մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։