Լաչինով ազատ տեղաշարժը կարևոր է. ՆԱՏՕ–ն ամփոփել է Խավիեր Կոլոմինայի այցը տարածաշրջան

ՆԱՏՕ–ն կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի ներդրումը եվրատլանտյան անվտանգության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ընդգծել է Լաչինով ազատ տեղաշարժի կարևորությունը և հումանիտար հարցերի լուծման անհրաժեշտությունը։ Նման հաղորդագրություն է տարածել ՆԱՏՕ–ի մամուլի ծառայությունը` ամփոփելով Կոլոմինայի կատարած այցը Հայաստան և Ադրբեջան։
Հայտնել էինք, որ այս շաբաթ Կոլոմինան այցելել է Հայաստան և Ադրբեջան:
«Կոլոմինան նաև կարծիքներ է փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում ՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա կարևորել է բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը: Նա նաև ողջունել է Եվրոպական միության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ այցը ՆԱՏՕ-ի այս 2 կարևոր գործընկեր երկրներ` Կոլոմինայի պարբերական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր: Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում Կոլոմինան հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։