Խաղաղապահները և «Հայե՛ր, միացեք»–ը արցախցի երեխաներին մթերային փաթեթներ են տվել

Մարդասիրական ակցիան իրականացվել է Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայե՛ր, միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության հետ հումանիտար օգնություն են բաժանել ԼՂ երեխաներին, տեղեկանում ենք խաղաղապահների Telegram ալիքից։
Նշվում է, որ մարդասիրական ակցիան իրականացվել է Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար: Նրանց հանձնվել են մթերային փաթեթներ:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայե՛ր, միացեք» բարեգործական կազմակերպության հետ հումանիտար օգնություն էին բաժանել Ասկերանի շրջանում. հասցեական օգնություն են ստացել 2426 երեխաներ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Ադրբեջանական կողմը հունվարի 20–ին մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։