ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատախազությունը (FIGC) ազգային առաջնության ընթացիկ խաղաշրջանում Թուրինի «Յուվենտուսին» զրկել է 15 միավորից ֆինանսական խարդախությունների պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք FIGC–ի պաշտոնական կայքէջից։
Երեկ Վերաքննիչ դաշնային դատարանում լսումներ են եղել ֆինանսական խարդախության գործով դատավարությունը վերսկսելու վերաբերյալ։ FIGC–ի դատախազությունը պահանջում էր Թուրինի թիմին զրկել 9 միավորից, ինչպես նաև ֆուտբոլից հեռացնել ակումբի մի շարք աշխատակիցների։
«Վերաքննիչ դաշնային դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը։ «Յուվենտուսի» նկատմամբ ընթացիկ խաղաշրջանում պատժամիջոցներ են նախատեսված 15 տուգանային միավորի տեսքով», – ասվում է հայտարարության մեջ։
Իտալիայի առաջնությունում Թուրինի թիմը 3-րդ տեղից հայտնվել է 10-րդ հորիզոնականում։ Այժմ այն 37 միավորի փոխարեն ունի 22 միավոր։ Վերաքննիչ դատարանը վճռել է նաև «Յուվենտուսի» 11 պաշտոնյաների նկատմամբ սահմանափակումներ կիրառել ֆուտբոլային գործունեության վերաբերյալ։ Այդ թվում են տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ֆաբիո Պարատիչին (30 ամիս), նախկին նախագահ Անդրեա Անյելին, նախկին գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն (24–ական) և փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Պավել Նեդվեդը (8)։
Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ ակումբը մտադիր է բողոքարկել վճիռը Սպորտային երաշխավորների կոմիտեում (Collegio di Garanzia dello Sport )։
Բացի այդ, դատարանը հաստատել է արդարացման վճիռը սկանդալի հետ առնչություն ունեցող մյուս 8 ակումբների («Սամպդորիա», «Պրո Վերչելի», «Ջենոա», «Պարմա», «Պիզա», «Էմպոլի», «Նովարա» և «Պեսկարա»), ինչպես նաև դրանց տնօրենների և մենեջերների նկատմամբ։
Ավելի վաղ իտալական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Անյելիի, Նեդվեդի ու Պարատիչիի, «Յուվենտուսի» կոմերցիոն բաժնի երեք աշխատակցի, ինչպես նաև իտալական մի շարք այլ ակումբների շուրջ 60 ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ քննություն է ընթանում ֆինանսական կեղծ հաշվետվություն ներկայացնելու և խաղացողների տրանսֆերների հետ կապված խարդախությունների մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Ապրիլին դատարանը արդարացրել էր կասկածյալներին։ Նոյեմբերի վերջին «Յուվենտուսը» հայտարարեց տնօրենների խորհրդի հրաժարականի մասին։