Զինծառայողները կացարանում ժամանակավոր էին տեղակայվել. ՀՀ ՊՆ

Ազատ գյուղի զորանոցը հրդեհից հետո
Երեկ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից է տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային կացարանում, որում երեկ հրդեհ էր բռնկվել, զինծառայողները տեղակայված էին ժամանակավոր։ Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Դեռ ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն», - նշել է ՊՆ խոսնակը։
Արամ Թորոսյանն ասել է, որ զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը:
Նշենք, որ երեկ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից է տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։