Ժաննա Անդրեասյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքի փակման հետևանքները

Ժաննա Անդրեասյանն ու ՌԴ դեսպանը
Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունները և առաջիկայում սպասվող ծրագրերը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարը հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առանձնահատուկ տեղ է գրավում։ Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ` Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը։
Ժաննա Անդրեասյան
Այս համատեքստում նշվել է բուհական ոլորտում կրթաթոշակային ծրագրերի մասին, որի շրջանակում ՀՀ երիտասարդներն անվճար կրթության հնարավորություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն է»,– ասել է նախարարը:
ՌԴ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների նախարարությունների և ոլորտային կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացմանն ու փոխգործակցության սերտացմանը:
«Սերգեյ Կոպիրկինը կարևորել է քաղաքացիական հասարակության և երիտասարդների ներգրավումը հայ-ռուսական համատեղ նախագծերում, մասնավորապես՝ սպորտային և կրթամշակութային միջոցառումներում»,– նշված է հաղորդագրությունում:
Սերգեյ Կոպիրկին
Այս համատեքստում ընդգծվել է առաջիկայում կայանալիք ՌԴ հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը, որը տեղի կունենա Երևանում` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը։
Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին չեն գործում կրթական հաստատությունները, բազմաթիվ երեխաներ և ուսանողներ Հայաստանից չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:
Ի պատասխան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Ադրբեջանական կողմն այսօր մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։