Վրաստանում նախկին զինծառայողը կրակ է բացել անցորդների վրա. կան զոհեր

Վրաստանի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Նախկին զինծառայողի արարքի զոհ Է դարձել հինգ մարդ, այդ թվում` մեկ ոստիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Վրաստանում տղամարդն իր բնակարանի պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 5 մարդ Է մահացել, հաղորդում Է Sputnik Գրուզիան: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում` Կախեթի շրջանում։
Աղբյուրի համաձայն` 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց վրա, իսկ ավելի ուշ նաև ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ, որոնց դեպքի վայր էին կանչել։ Այնուհետև հրաձիգն ինքնասպանություն է գործել։
Երկրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով` զոհերից մեկը գերատեսչության աշխատակից է։
Մտնելով տարածք իրավապահները տեսել են մահճակալին պառկած տղամարդուն, կողքին զենք։ Նախարարը նշել է, որ այնտեղ նաև նռնակի օղակներ են եղել։
Միջադեպի ժամանակ տանը եղել է նաև հանցագործի որդին, որը հեռացել է բնակարանից, երբ հայրը կրակ է բացել։ Ավելի ուշ նա ուժայիններին հայտնել է, որ հոր արարքի պատճառը հայտնի չէ։
Հանցագործության համար մեղադրվողը նախկին զինվորական էր` նա ծառայել է Վրաստանի պաշտպանության ուժերում մինչև 2021 թվականը։