Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի
Այսօր Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն ռազմաբազայում ՆԱՏՕ–ի անդամների և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումն էր։ Վաշինգտոնը խորհրդակցության համար նախապես նյութ է պատրաստել։ Դեմոկրատական կուսակցության խոսափող հանդիսացող The New York Times թերթը հոդված է հրապարակել, որում պնդում են, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է Կիևին այնպիսի զենքով ապահովելու հնարավորությունը, որը թույլ կտա հարվածներ հասցնել Ղրիմին։
Կուսակցության դիրքորոշումը հաստատել է նաև Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։ Նրան հարցրել են` արդյո՞ք ԱՄՆ–ն կաջակցի արևմտյան զենքով Ղրիմին հասցվելիք Ուկրաինայի հարվածներին։ «Ի վերջո մեր ուկրաինացի գործընկերները պետք է որոշեն՝ ինչպես և որտեղ է նախընտրելի կիրառել այդ զենքն ու մատակարարումները սեփական տարածքը պաշտպանելու համար», – պատասխանել է Փրայսը։
Նա նաև չի մոռացել ընդգծել՝ ԱՄՆ–ն համարում է, որ թերակղզին Ուկրաինային է պատկանում։
Սպիտակ պարոնների տրամաբանությամբ` եթե իրենք Ղրիմը Կիևինն են համարում, նշանակում է, որ այն կարող է անպատժելիորեն գնդակոծել թերակղզին։ Ճիշտ այնպես, ինչպես եղել է Դոնբասի դեպքում. իբր, դա ձեր քաղաքացիներն են, այդ իսկ պատճառով հանգիստ կարող եք նրանց սպանել Վաշինգտոնի և Բրյուսելի ծափերի ներքո։
Պետք է ասել, որ սա իսկապես նոր շրջադարձ է վաշինգտոնյան վարչակազմի համար։ Մինչ վերջերս այնտեղ կարծում էին, որ աշխարհագրական դիրքը, Ղրիմի բնակիչների տրամադրվածությունն ու թերակղզու պաշտպանունակությունը այն բացարձակ անհասանելի են դարձնում Ուկրաինայի համար որպես ռազմական թիրախ։ Այդ ուղղությամբ մտածել անգամ պետք չէր։
«Արժե՞ արդյոք, որ Ուկրաինան վերցնի Ղրիմը ռազմական ճանապարհով», – նոյեմբերին հարցադրում էր արել The Hill ազդեցիկ պարբերականը և եկել այն եզրակացության, որ չարժե։
«Դեսանտի իջեցումը Ղրիմի ամրակայված ափին կարող է աղետալի ավարտ ունենալ (ՈւԶՈւ–ի համար)։ Արևմուտքում էլ միայն Իլոն Մասկը չէ, որ վախենում է, թե Ռուսաստանն ի պատասխան կկիրառի իր միջուկային զենքը»։
«Ղրիմի հարցում մի՛ շտապեք», – դեկտեմբերին վարչակազմին հորդորում էր Foreign Affairs–ը։
«Դա կոալիցիայի համար կարող է լուրջ փորձություն դառնալ։ Այն ժամանակ, երբ արևելաեվրոպական գործընկերները հակված են ամեն հարցում աջակցել Ուկրաինային և անլուրջ վերաբերվել Պուտինի միջուկային սպառնալիքներին, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ–ն ավելի շատ մտահոգված են սրացման վտանգով»։
Այս ամենը բնավ Կիևին չէր խանգարում Ղրիմի թեման առաջ տանել տեղեկատվական դաշտում։ Զելենսկին իր հովանավորներին ինչ–որ անհավանական պատմություններ էր պատմում այն մասին, թե ինչպես են կիսավեր Կերչի կամրջով դեպի Ռուսաստան փախչում ու փախչում ՌԴ զինվորականները, խոստանում էր գրավել Ազովի ափն ու գնդակոծել Ղրիմը հեռահար զենքից։
Կիևյան ռեժիմը տարատեսակ միջազգային հանդիպումներ էր անցկացնում Ղրիմի թեմայով։ Հավաքվածները միմյանց խոստանում էին շուտով հանդիպել Յալթայում։ Վերջին անգամ թեմային անդրադարձավ պաշտպանության նախարարի օգնականը` հայտնելով Sky News հեռուստաալիքին, որ ՈւԶՈւ, «ենթադրաբար», Ղրիմը կգրավի արդեն դեկտեմբերի վերջին։
Այս ցնորամիտ զառանցանքին ջանասիրաբար աջակցում էր Լեհաստանը։ Դե իհարկե։ Առանց թերակղզու նկատմամբ վերահսկողության` Միջծովյան ծրագրի վերաբերյալ Լեհաստանի նկրտումները դատապարտված են ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտում մնալ։ Անջեյ Դուդան հատուկ էր ելույթ ունեցել վերջին «Ղրիմյան հարթակում» և հայտարարել, որ Ուկրաինային Ղրիմի վերադարձը պարտադիր է։
Մինչև որոշակի ժամանակ Վաշինգտոնում սառն էին վերաբերվում բոլոր այս նախաձեռնություններին։ «Ղրիմի հարցում մի՛ շտապեք» հոդվածը պատասխան եղավ դեկտեմբերի վերջին Ղրիմը գրավելու Ուկրաինայի գաղափարին։ Ընդ որում դա տեղի ունեցավ միութենական զորքերի գրոհի արգելակման և Խերսոնից դուրս գալու ֆոնին։
Այժմ իրավիճակը ռազմաճակատում ճիշտ հակառակն է։ ՈւԶՈւ–ն դուրս եկավ Սոլեդարից, շուտով կկորցնի Արտյոմովսկը։ Վերջին շաբաթների նրանց կորուստները պարզապես ահռելի են։
«Ուկրաինացիները փորձում էին պահուստային ուժ ձևավորել հարավային ուղղությամբ հնարավոր գրոհի համար։ Այդ ստորաբաժանումները ոչնչացվեցին Բախմուտում (Արտյոմովսկ – խմբ.)։ Այժմ ուկրաինացիների մոտ ընդհանուր առմամբ շուրջ 140-150 հազար մարտունակ զինվոր է մնացել», – ռազմաճակատային իրավիճակը վերլուծել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը։ Ավելի վաղ ՈւԶՈւ–ի կորուստները նա 150 հազար էր գնահատել։
Այստեղ թվում էր թե, պետք է կանգ առնել, շուրջը նայել։ Հարցնել ինքդ քեզ, ինչու էր պետք մարդկանց անխուսափելի մահվան ուղարկել։ Առավել ևս, որ Վաշինգտոնում արդեն իսկ խոստովանում են, որ «Ուկրաինան չի կարողանա ողջ մնալ Ռուսաստանի հետ երկարամյա փակուղային հակամարտության մեջ»։ Բայց ոչ, փոխարենը այնտեղ փորձում են «լավ է սարսափելի վերջ լինի, քան անվերջ սարսափ» սկզբունքով նոր սրացում կազմակերպել։
Սպիտակ տանը, խորհրդակցության ժամանակ, ինչպես The New York Times–ին պատմել է բարձրաստիճան աղբյուրը, որոշվել էր, որ «եթե փակուղային հակամարտության մեջ Ուկրաինան ողջ չի մնա, ուրեմն, միակ բանը, ինչ մնում է, Ղրիմի համար սպառնալիք ստեղծելն է»։ Միևնույն ժամանակ հրապարակման մեջ բաց տեքստով ասվում է, որ ՈւԶՈւ–ն թերակղզին վերցնելու որևէ հույս չունի։
«Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր բայդենյան վարչակազմը հստակ քաղաքականություն էր վարում` մերժելու համար Կիևին զենքի մատակարարման հարցում, զենք, որը կարող էին օգտագործել Ղրիմին հարված հասցնելու համար։ Այժմ այս քաղաքականությունը մեղմվում է», – ասում են մեզ The New York Times–ի առաջատար ռազմական լրագրողները։
Բարձրաստիճան աղբյուրները անանուն մնալու պայմանով հայտնել են նրանց. «Վարչակազմում սկսում են ընդունել, որ Կիևն ուժային հնարավորությունների կարիք է ունենալու ռուսական ապաստարանին (այսպես են այստեղ անվանում Ղրիմը` sanctuary, թեպետ «սրբավայր» թարգմանությունը ևս տեղին է այստեղ) հարված հասցնելու համար, նույնիսկ չնայած նրան, որ դա կավելացնի էսկալացիայի վտանգը»։
Աղբյուրի խոսքով` դիրքորոշման նման մեղմացում տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Վաշինգտոնում որոշեցին, որ Կիևի կողմից Ղրիմին հասցվող սպառնալիքի ցուցադրումը կուժեղացնի կիևյան ռեժիմի դիրքերը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում։ Ակնհայտ է, որ մեր ռազմավարական գործընկերներն ինչ–որ իրենց աշխարհում են ապրում։ Ինչ բանակցությունների մասին է խոսքը, եթե մեր բանակն առաջ է շարժվում՝ առույգ տեմպերով դենացիֆիկացնելով և ապառազմականացնելով նախկին ՈւԽՍՀ–ն։
Ռամշտայնում հանդիպմանը արձանագրվելու է ուկրաինական կողմին «Հայմարս» հրթիռային համալիրների և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենայի փոխանցումը։ Այնտեղ այս տեխնիկայի մասնակցությամբ զորախաղեր են անցկացվելու նաև Պենտագոնի գրած սցենարներով։ The New York Times–ը պատմում է մեզ, որ սցենարներից մեկը ենթադրում է դեպի հարավ` Մելիտոպոլ և Մարիուպոլ, Մ-14 մայրուղով ՈւԶՈւ առաջ անցումը, ինչում էապես կօգնեն «Բրեդլիները», այնուհետև «Հայմարս»–ից կգնդակոծվի Ղրիմի տարածքը և ռուսական բանակի մատակարարման ճանապարհները։
Հասկանալի է, թե ինչու են ամերիկացիներն ուզում հարվածներ հասցնել Ղրիմին։ Դա ոչ միայն կշեղի մեր ուժերն ու ռեսուրսները թերակղզու պաշտպանության համար։ Միաժամանակ Պենտագոնը անգին հնարավորություն կստանա վերլուծելու մեր ՀՕՊ–ի աշխատանքը՝ հետագայում ստացված փորձը կիրառելու համար։
Անհասկանալի է մեկ այլ բան. ի՞նչ ուժերով պետք է իրականացվի այդ հակագրոհը։ Ո՞վ է նստելու հետևակի մարտական մեքենայում, ո՞վ է կրակելու «հայմարսներից»։ «Մենք կարող ենք սպառվել», – դեռ մեկ շաբաթ առաջ անկեղծորեն The Wall Street Journal–ի միջոցով ամերիկյան տերերին նախազգուշացրեց Արտյոմովսկի ուղղությամբ ուկրաիանական զորքի հրամանատարը։ Այժմ նրա մարտիկներն նստած են այնտեղ շրջափակման մեջ։ Նրանց հեռանկարները հուսադրող չեն։
Միևնույն ժամանակ ուկրաինական բանակ են արդեն տանում զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց։ Բայց Վաշինգտոնը շարունակում է ոչնչացնել ուկրաինացիներին և համառորեն ձևացնում, որ դա պարզապես գաղութային պատերազմ է աշխարհի ծայրին, որը ոչ մի կերպ չի կարող սպառնալ Նահանգներին։
Ամերիկյան դիրքորոշման փոփոխությանը նպաստեց, ըստ վաշինգտոնյան վարչակազմի աղբյուրների, մտավախությունների թուլացումն առ այն, որ Ղրիմին հասցված հարվածը Պուտինին կստիպի միջուկային զենք կիրառել։
Սակայն մեր ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ մտադրություն անգամ չունի կիրառելու միջուկային այդ զենքը։ Ինչո՞ւ կիրառել այն սեփական հողի վրա։ Ղրիմի պաշտպանության հարցում խոսքը բոլորովին այլ բանի մասին էր։
Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը դեռ հուլիսին էր սպառնացել «դատաստանի օրով»` Ղրիմին հարված հասցնելու դեպքում։ Երեկ նա կրկին վերահաստատեց Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ. «Հասարակ պատերազմում միջուկային տերության պարտությունը կարող է միջուկային պատերազմի պատճառ դառնալ։ Միջուկային տերությունները չեն պարտվել այն մեծ հակամարտություններում, որոնցից կախված է սեփական ճակատագիրը»։
The New York Times–ի հետ զրույցում բարձրաստիճան աղբյուրները ձևացնում են, թե չեն հասկանում, ինչի մասին է խոսքը։
«Ամերիկացի չինովնիկներն ասում են, որ չգիտեն, թե ինչպես կարձագանքի նախագահ Պուտինը, եթե Ուկրաինան հարձակվի Ղրիմի վրա ամերիկյան զենքի կիրառմամբ», – հայտնում է մեզ The New York Times–ը։
Իրականում նրանք ամեն բան լավ հասկանում են։ Նրանց բազմիցս հասկացրել են հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Այլ հարց է, որ ամերիկյան իսթեբլիշմենթը պարզապես վախենում է պարզաբանել սեփական ժողովրդին, թե որքան լուրջ է ամեն բան։ Այստեղից էլ գալիս են հեքիաթներն այն մասին, թե իբր Ռուսաստանը կկիրառի/չի կիրառի Ուկրաինայի դեմ միջուկային զենքը։ Ամերիկացիները վաղուց պետք է հասկանային, որ ղեկավարությունը Կարիբյան ճգնաժամից ավելի սարսափելի գլոբալ հակամարտության մեջ է իրենց ներքաշում։