ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ստեփանակերտում վաղվանից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից»,- նշում են շտաբից։
Նշենք, որ հունվարի 17-ից Արցախում անցել էին հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Ադրբեջանական կողմն այսօր մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։