ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի խեցգետնաորսիչ և ձկնորսական ցանցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Հունվարի 19-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ վերահսկողության միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։
Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ որսի իրականացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ: