Մայր աթոռում քննարկվել են եկեղեցու քայլերը Արցախի շրջափակման պայմաններում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ
Կաթողիկոսն արձանագրել է, որ հայոց եկեղեցին բոլոր ջանքերը գործադրելու է հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի նիստում քննարկվել է Արցախի շրջափակման պայմաններում եկեղեցու կողմից իրականացվող քայլերին առնչվող հարցեր։ Տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Մասնավորապես քննարկվել են, թե ինչ իրավական անհրաժեշտ գործիքներ պետք է կիրառվեն Արցախում ստեղծված խնդրի վերաբերյալ, ինչպես նաև առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:
Նշվում է, որ դեռևս դեկտեմբերի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրի վերաբերյալ մի շարք գրություններով դիմել էր քույր եկեղեցիների պետերին և միջազգային կառույցներին, որպեսզի իրենց աջակցությունը բերեն արցախահայությանը: Շրջաբերական գրություն է ուղղվել նաև Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի առաջնորդներին։
Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի նիստում
Միաժամանակ, Ամենայն Հայոց կաթողիկոսն Արցախի արգելափակման առնչությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական, քաղաքական, միջազգային և դիվանագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:
«Հայոց Եկեղեցին հնարավոր բոլոր ջանքերը շարունակելու է գործադրել հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և պաշտպանելու արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը»,-նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը՝ հանձնարարականներ տալով Մայր Աթոռի պատկան կառույցների ղեկավարներին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։