ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է օգնել Ուկրաինայի ատոմակայաններին մատակարարումների և պահեստամասերի հարցում:
«Որոշ խնդիրներ կան, որոնք մենք ուսումնասիրում ենք։ Մատակարարման հետ կապված խնդիրներ կան։ Պետք չէ մոռանալ, որ այդ ատոմակայանները ռուսական տեխնոլոգիաներ են: Ուստի, երբ խոսքը վերաբերում է պահեստամասերին, մատակարարումներին` դժվար է։ Եվ ՄԱԳԱՏԷ-ն կարող է օգնել այդ հարցում», -հայտարարել է Գրոսին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ այդ խնդիրների լուծման համար ՄԱԳԱՏԷ-ն «պարտադիր չէ, որ Ռուսաստանի հետ աշխատի», այլ կարող է աշխատել մյուս երկրների հետ, որոնք նույնպիսի ռեակտորներ ունեն, «դրանք շատ են, հատկապես Արևելյան Եվրոպայում»:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԷԿ-ի համար վառելիք էին մատակարարում «Ռոսատոմ» կորպորացիայի «ՏՎԷԼ» ընկերությունը և ամերիկյան «Westinghouse»-ը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Պետդուման դեռ 2021 թվականի փետրվարին նախազգուշացրել էր, որ Ուկրաինայի անցումը ամերիկյան միջուկային վառելիքի` ռուսականի փոխարեն, նրա էներգահամակարգի անվտանգության հետ կապված մի շարք ռիսկեր է կրում։