Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում 5 քաղաքացի վերամիավորվել է ընտանիքի հետ. Ամատունի

Լաչինի միջանցք. Արխիվային լուսանկար
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ քաղաքացիների տեղափոխում առաջին անգամ է իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում մնացած 5 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Լեռնային Ղարաբաղից 4 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Մեկ քաղաքացի էլ Հայաստանից ԼՂ է տեղափոխվել և նույնպես վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այդ գործողությունները հնարավոր է եղել իրականացնել ԿԽՄԿ միջնորդությամբ»,– ասաց Ամատունին։
Նա ընդգծեց, որ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից իրենք չեն կարող տեղեկություն տալ այդ անձանց մասին։
Ամատունին ընդգծեց, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանից–Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ քաղաքացիների տեղափոխում առաջին անգամ է իրականացվել։
Ամատունին նաև նշեց, որ ԿԽՄԿ մեքենաներով Լեռնային Ղարաբաղ են տարվել դեղորայք և այլ բժշկական պարագաներ։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ռուս խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Հայաստանից Ստեփանակերտ էր վերադարձել 19 երեխա։ Վերջիններս ՀՀ էին ժամանել Մանկական եվրատեսիլին ներկա գտնվելու համար և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով հնարավորություն չէին ունեցել վերադառնալ տուն։
Նույն օրը ռուս խաղաղապահներն իրականացրել էին ՌԴ 63 քաղաքացու տեղափոխումը ԼՂ–ից ՀՀ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։