ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (20-րդ ռակետ) Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակ է տարել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆույի (17-րդ ռակետ) նկատմամբ։
Մրցախաղը տևել է 3 ժամ 32 րոպե:
Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկայի հետ:
Խաչանովը հաղթանակից հետո մոտեցել է տեսախցիկին ու գրել. «Արցա՛խ, ամուր մնա»։
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 29-ին։