Հրամանատարական կազմին չպիտի «գլխատեին». Օհանյանը ցավով է ընդունում բանակի թերությունները

Հրդեհված կացարանը
Սեյրան Օհանյանը կարծում է, որ աշխատանքից ազատումների վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեին ծառայողական քննության արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ժամանակավոր կացարանը կարող է վերանորոգված չլինել, պատերը սվաղած չլինեն, սակայն այնտեղ պետք է պայմաններ լինեն` հակահրդեհային պատրաստություն, վառարանի հետ վերաբերվելու հրահանգ և այլն։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով երեկվա ողբերգական դեպքին։
«Եթե վառարանի տաքացման հետ կապված խնդիր կա, ապա հակահրդեհային պահանջների նկատմամբ շատ խիստ վերաբերմունք պետք է լինի։ Կարծում եմ, որ զորանոցում գտնվող զինվորները հենց այնպես այդ վիճակում չեն հայտնվել։ Ինչպես հայտնել էր կառավարության ղեկավարը, 2020-ից հետո է այն նախատեսված եղել, ուստի 2 տարին բավարար ժամանակ էր զրոյից կացարաններ կառուցելու համար»,–ասաց Օհանյանը։
Միաժամանակ նա նշեց` ՀՀ–ն ունի այն ներուժը, որ տեղում համապատասխան պայմաններ կառուցի իր զինվորների համար։ Նախկինում բազմաթիվ նման շինություններ են կառուցվել, սակայն խիստ վերահսկողությամբ։
Օհանյանն ասաց նաև, որ ղեկավար կազմը միանգամից պետք է դեպքի վայր մեկներ, և ծառայողական քննության արդյունքում որոշումներ ընդունվեին։ Զորամիավորման հրամանատարությանը միանգամից ազատել աշխատանքից, «գլխատել» հրամանատարական կազմին, դա նման է այն բանին, երբ պատերազմից առաջ փոխում էին ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտեց` բանակի թերություններից չի ուրախանում, այլ ցավով է ընդունում, սակայն վերջին տարիներին լուրջ հարված է հասցվել կարգապահությանը. «Բանակի քաղաքականությունը վերածվել է կենցաղային մակարդակի փիարի` կլուբնիկային, մայկա–տրուսիկային։ Զինվորների կարգապահությունը բավական իջնում է, իսկ նման դեպքերում արտակարգ պատահարներ են լինում»։
Նա նշեց, որ այս դեպքը պետք է ահազանգ լինի, որ մյուս վայրերում կացարաններն ուսումնասիրեն։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։