Եկեք անկեղծ լինենք։ Ուղիղ 30 տարի առաջ, երբ ծառայում էի Հայաստանի պաշտպանության նախարարությունում և ինձ ասում էին, թե նոր կազմավորվող բանակը բազմաթիվ թերություններ ունի, պատասխանում էի՝ շատ ճիշտ եք, բայց չի կարելի քննադատել նորածին երեխային, այն էլ՝ պատերազմի ժամանակ։
Բայց հիմա, երբ հայոց բանակը հասել է հասունության տարիքին, անմիջապես ընդվզում եմ, երբ հերթական անգամ բարձրաստիճան զինվորականներից և հայտնի քաղաքական գործիչներից լսում եմ ավանդական արդարացումը. բանակը հասարակության անքակտելի մասն է, և հասարակության բոլոր թերություններն ու արատները տեղ են գտնում նաև բանակում։
Ո՛չ, բանակը ուրույն, փակ կառույց է՝ հիմնված խստագույն կարգապահության վրա։ Հիշենք, որ դեռ Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն էր փաստում. «Կարգապահությունը բանակի հոգին է։ Հենց կարգապահությունն է փոքրաթիվ զորքը դարձնում հզոր ուժ, հաջողություն բերում թույլերին և հարգանք՝ բոլորին»։
Նաև շատ ճիշտ են նրանք, ովքեր արձանագրում են՝ Հայաստանի շարքային քաղաքացին ամենօրյա կենսագործունեության համար ամեն ինչի՝ լույսի, գազի, ջրի, կոյուղու, հեռախոսակապի համար վճարում է տեղական և օտարերկրյա մասնավոր ընկերություններին և պետության կարիքն ունի միայն սեփական անվտանգությունը, երկրի ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Իսկ դա բանակի գործառույթն է, և եթե իշխանությունները չեն կարողանում նույնիսկ այդ խնդիրներին համապատասխանող զինված ուժեր պահել, կներե՛ք, տրամաբանական հարց է առաջանում՝ բա ինչո՞վ են զբաղվում այդ իշխանությունները։
Երևի հիշում եք, որ շատ երկար ժամանակ Հայաստանի բոլոր իշխանությունները մեծ հաճույքով և հպարտությամբ լայնորեն շրջանառում էին «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» միֆը, որը հօդս ցնդեց 2020 թվականի աշնանը։ Հիմա նույն համառությամբ իշխանություններն ասպարեզ են նետել «բանակը ոչ մի բանի կարիք չունի» վիճահարույց կարգախոսը։ Ահավասիկ։ 2018 թվական, գլխավոր շտաբի պետ. «Բանակն ամեն ինչով ապահովված է: Եթե քաղաքացին որոշել է որևէ բանով օգնել բանակին, դա քաղաքացու կամքն է, ոչ թե բանակը կարիք ունի»: 2022 թվական, վարչապետի հեռուստաելույթից. «Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել, դրա նպատակը եղել է մեկը, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ էլ նույնիսկ տրակտորի պրոբլեմ պետք է չլինի: Գնացել եմ, ասել եմ՝ խնդրում եմ ինձ ասեք՝ ի՞նչն է պրոբլեմը, կա՞ էդ պրոբլեմը, թե՞ չկա, և արձանագրել ենք, որ այդ պրոբլեմը չկա: Ես ասել եմ ու էլի ասում եմ, որ էդ պրոբլեմը չկա»:
Չգիտեմ` արդյոք այս պնդմանը կհամաձայնե՞ն բազմաթիվ ծնողներ, որոնք գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում գանգատվում են, որ իրականությունը բոլորովին այլ է։
Համենայնդեպս հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստել է. «Բանակում չկա մի դիրք, որտեղ անհրաժեշտ պարագաների խնդիր չլինի։ Կարիքները դիրքից դիրք փոխվում են։ Մի տեղ բահի խնդիր կա, մի տեղ՝ հագուստի, մի ուրիշ տեղ լիցքավորման սարքի խնդիր կա, ջրի թերմոսների և այլն։ Այնպես չէ, որ նույն խնդիրը բոլոր տեղերում է, և այնպես էլ չէ, որ տեղ կա, որը խնդիր չունի։ Բանակը խորքային ռեֆորմների կարիքն ունի»։
Ինչպես տեսնում եք, պտտվում, պտտվում ենք և վերջում կրկին վերադառնում ենք բարեփոխումների հավերժական թեմային։ Ախր, արդեն վաղուց սովոր ենք, որ ամեն նոր նախարար ասում է, թե նախորդի բարեփոխումները արդյունք չեն տվել, և հանդես է գալիս իր սեփական նախաձեռնություններով։ Վերջին տարիներին կարծես փորձադաշտ ենք դարձրել բանակը` ողողելով այն հնչեղ ծրագրերով՝ «Ազգ-բանակ», «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Պաշտպան հայրենյաց» և այլն։ Այնինչ առաջնագծում հերթապահություն իրականացնող զինվորը լրատվամիջոցներից մեկին ասել է. «Պարզապես մի քիչ բետոն բերեք, խրամատները բետոնապատեք, որոշ տեղերում էլ հասարակ բետոնե ծածկեր կառուցեք, և անօդաչու թռչող սարքերի դերը կզրոյանա, բազմաթիվ կյանքեր կփրկեք»։
Այսինքն` ձմռան կեսին բարձունքի վրա սառչող շարքայինը բանակի համար շատ ավելի կարևոր ու պարզ միջոց է առաջարկում, քան այն գեներալները, որոնք պաշտպանության նախարարության տաքուկ առանձնասենյակում նստած հերթական բարեփոխման ծրագիրն են մշակում։
Այս զինվորին տարեք, թող բարձրաստիճան զինվորականներին կոնկրետ խորհուրդներ տա, թե իրականում ինչ է պետք բանակի վիճակը բարելավելու և ծառայող տղաների կյանքն ավելի անվտանգ դարձնելու համար։ Չէ՞ որ դեռ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն էր ասել. «Երկրի ղեկավարը, որն իր շուրջը չի հավաքում բոլոր տաղանդավոր և արժանավոր մարդկանց, նման է զորավարի՝ առանց բանակի»։ Վերափոխելով մեծ բանաստեղծի խոսքերը` կարելի է ասել. «Այն ղեկավարը, որն իր բանակում չի հավաքում բոլոր տաղանդավոր և արժանավոր զորավարներին, նման է նախագահի՝ առանց պետության»։