Գերազանցեց սպասելիքները. ատրճանակավար Բենիկը հրաձգության մրցաշարում 3-րդ տեղն է գրավել

Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը
Այսօր կրակագիծ են դուրս գալու խառը զույգերը և 1 հրացանակիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության ISSF GRAND PRIX միջազգային մրցաշարում ատրճանակավար երևանցի Բենիկ Խլղաթյանը գրավել է երրորդ մրցանակային տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Երեկ կրակագիծ ելան ատրճանակավարները: Բենիկ Խլղաթյանը նախնական փուլում (10 մ օդամղիչ ատրճանակ) զբաղեցրեց ութերորդ տեղը և դուրս եկավ եզրափակիչ: Լավագույն ութնյակի պայքարում Բենիկը գերազանցեց սպասելիքները, բարձրացավ հինգ աստիճանով և գրավեց 3-րդ մրցանակային տեղը»,– ասված է հաղորդագրությունում:

Այսօր կրակագիծ դուրս կգան խառը զույգերը (Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան) և հրացանակիր Հրաչիկ Բաբայանը:
Հրաձգության միջազգային մրցաշարը կավարտվի այսօր: