ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ»,– ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով` տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ Հայաստանի առաջարկներն ուժի մեջ են, և այն հնարավոր է իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում:
ԱԳ նախարարը շեշտել է` այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։